Երեխայի կյանքի երկրորդ և երրորդ տարիները
[ հեղինակ` Հերմինե Ավետիսյան ]
[ 06.11.2009 ]
Երկուսուկես տարեկանում երեխայի զարգացման մեջ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում: Հաղորդակցման հիմնական միջոցը դառնում է խոսքը: Վաղ տարիքում խաղը դառնում է ավելի սպոնտան և բովանդակալից, որի ընթացքում երեխան ձգտում է նմանվել շրջապատող մարդկանց: Առաջին պլան են մղվում խոսքի զարգացումը, սիմվոլիկ գործողությունները, ընդօրինակումը, բարոյական նորմերի յուրացումը: Սիմվոլիկ գործողություններ: Կյանքի առաջին տարվա վերջում երեխաները կարող են հիշողությամբ ճանաչել և կանխատեսել մոտակա ապագան: Խաղի տարրեր կարելի է դիտել նաև նորածինների մոտ, որոնք կապված չեն նրանց կենսաբանական պահանջմունքների հետ, ինչպիսիք են քաղցը, ծարավը և այլն: Կյանքի երկրորդ տարվա վերջում երեխաները կարող են խաղընկերոջ փոխարեն խաղալիք ներմուծել խաղի մեջ, ինչն էլ դառնում է խաղային գործընթացի ակտիվ մասնակից: Շատ հոգեբաններ գտնում են,որ խաղը կարևոր պայման է երեխայի հետագա հմտությունների և կարողությունների ձևավորման համար: Երկու տարեկանում երեխաները արդեն կարողանում են խաղալ պարզ տրամաբանական և թեմատիկ խաղեր, գործողության պլան մշակել երկար ժամանակահատվածի համար: Ընդօրինակում: Ընդօրինակումն ունի երկու առանձնահատկություն. նախ ընդօրինակման ժամանակ ընդօրինակվում է մոդելի վարքը, երկրորդ՝ այն պետք է ընտրողական լինի, այսինքն՝ ընդօրինակվող ռեակցիան առաջանում է մոդելի որոշակի վարքից հետո: Մեկ տարեկան երեխան կարող է ընդօրինակել նախկինում տեսածը կամ լսածը: Գործողության ընդօրինակման հավանականությունը կախված է այդ գործողության բնույթից: Ընդօրինակման կարողությունն ընկած է երեխայի ինտելեկտուալ և շարժողական զարգացման հիմքում, քանի որ այն ուսուցման ամենաարդյունավետ միջոցն է: Երկու տարեկան երեխան երբ վստահ չէ, որ կարող է վերարտադրել տեսածը, հուսահատվում է: Իսկ երբ ընդօրինակում է բարեկամին, և վերջինս ժպտալով գովաբանում է նրան, այդ վերաբերմունքը ամրապնդում է երեխայի ընդօրինակումը: Ընդօրինակումը կարող է նաև ցանկության բավարարման գիտակցական փորձ լինել: Երեք տարեկանում երեխայի ընդօրինակումը կախված է ճանաչողական զարգացվածության մակարդակից: Բարոյական նորմերի ձևավորում: Մեկուկեսից երկու տարեկան երեխաները յուրացնում են վարքի ճիշտ նորմերը: Այդ պատկերացումների հիման վրա ձևավորվում է երեխայի ըմբռնումը, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ, ինչն է լավ, ինչը՝ վատ: Այս բարոյական նորմերը նա ընկալում է շրջապատող մարդկանցից: Եթե երևույթը համապատասխանում է երեխայի նորմի մասին պատկերացմանը, ապա այն կբավարարվի, եթե ոչ՝ երեխան կարող է հուսահատվել: Երեխան, օրինակ՝ ցույց կտա կոտրված առարկաները, պատռված հագուստը, և նրա դեմքն ու ձայնը անհանգստություն կարտահայտեն: Ծնողները սովորաբար մեկուկես տարեկան երեխային չեն պատժում կոտրած իրի կամ կեղտոտ ձեռքերի համար: Ապա ինչո՞ւ են երեխաները հենց այս տարիքում անհանգստություն ցուցաբերում: Հավանաբար, երեխաների մոտ աստիճանաբար զարգանում է եզրակացնելու ընդունակությունը: Որոշ դեպքերում երեխաները արդեն գիտեն, որ խաղալիքները կոտրելը ծնողների մոտ զայրույթ է առաջացնում, ինչը երեխային անհանգստացնում է: Այդ վիճակը երեխայի մոտ զուգորդվում է այն գործողությունների մասին պատկերացումով, որոնց արդյունքում կոտրվում է խաղալիքը: Այսպիսով` երբ երեխան տեսնում է կոտրված խաղալիքը, նա պատկերացնում է, որ դա ինչ–որ արարքի հետևանք է, այդ պատճառով հասկանալի է նրա հուզական ռեակցիան: Ինքնագիտակցում: Մեկուկես, երկու տարեկան երեխան սկսում է գիտակցել իր որակները և հնարավորությունները, իր վիճակը: Այդ տարիքի երեխաներին դիտելուց բացահայտել են վարքի մի շարք ձևեր, որոնք վկայում են ինքնագիտակցության մասին: Երեխայի ազդեցությունը այլ մարդկանց վարքի վրա: Երկու տարեկան երեխաները սկսում են իրենց պահանջներին ենթարկել այլ մարդկանց վարքը: Օրինակ` երեխան խնդրում է մեծահասակին նստել մեկ այլ աթոռի վրա, տարբեր ձայներ արձակել: Այդ պահանջները կապված են մեծահասակների վարքի վրա ազդեցություն գործելու ցանկության հետ: Երեխաները ծնողներից ոչինչ չեն պահանջի, եթե վստահ չլինեն, որ իրենց կլսեն: Այսպիսով՝ տրամաբանական է այն, որ երեխաները գիտակցում են իրենց ազդեցությունը շրջապատողների վարքի վրա: Սեփական վարքի նկարագրությունը: Սովորաբար երեք տարեկանում, երբ եեխաները սովորում են կարճ նախադասություններ կառուցել, հաճախ գործողություն կատարելիս նկարագրում են այն: Քանի որ նրանք հաճախ են նկարագրում իրենց գործողությունները, քան ուրիշները, կարելի է ենթադրել, որ նրանց ավելի շատ հետաքրքրում են սեփական արարքները: Իրեն ճանաչելը: Երկու տարեկան երեխան կարողանում է իրեն ճանաչել հայելու մեջ նայելիս, ինչը վկայում է ինքնագիտակցության ձևավորման մասին: Այս տարիքում նա սկսում է օգտագործել "ես", "ինձ", "դու" դերանունները, հետևաբար հասկանալի է, որ երեխան գիտակցում է իր և այլ մարդկանց միջև եղած տարբերությունները: Էմպաթիա: Ինքնագիտակցության ձևավորման հետ երեխայի մոտ զարգանում է այլ մարդկանց հուզական վիճակը հասկանալու կարողությունը: Մեկուկես տարեկան երեխաները արդեն ձգտում են սփոփել տխուր մարդուն, գրկել և համբուրել նրան, տալ իր խաղալիքը կամ քաղցրավենիքը: Այն, որ երկու տարեկան երեխան կարողանում է հասկանալ այլ մարդկանց հոգեվիճակը, նշանակում է, որ ընդունակ է հիշել իր նախկին հուզական զգացումները և գործել իր անձնական փորձին համապատասխան:
քվեարկել
Ներկա արդյունքը - 3
|